• Խոակին Կապառոս. «Պետք է հոգեբանորեն տրամադրվենք վաղվա խաղին»

    Կիրակի

    10.10.2021

Հոկտեմբերի 10-ին՝ Բուխարեստի «Ստյաոա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Տարոն Ոսկանյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

-Տարոն, արդեն հանդիպել և հաղթել ենք Ռումինիայի հավաքականին։ Ինչպիսի՞ մրցակից են նրանք։

-Մրցակիցը շատ ուժեղ թիմ է, որն երևաց մարտին խաղացած խաղում։ Հիմա պետք է կենտրոնանանք և պատրաստվենք վաղվա խաղին։

-Արդյո՞ք ոչ-ոքին բավարարում է Ձեզ, թե՞ ունեք մեկ այլ ծրագիր։

-Մենք չենք դուրս գալիս խաղադաշտ ոչ-ոքիի համար։ Կփորձենք հաղթել վաղվա խաղում, քանի որ այս խաղը շատ կարևոր է մեզ համար։

-Ի՞նչ հիշողություններ ունեք ռումինական թիմերի դեմ խաղալուց։

-Երկու անգամ հանդիպել եմ ռումինական թիմերի՝ Կլուժը և Ստյաոան։ Երկու թիմերն էլ բավական ուժեղ թիմեր էին։

-Նախորդ տարիներին Հայաստանը չի պայքարել ԱԱ դուրս գալու համար։ Ի՞նչ է փոխել Խոակին Կապառոսը, որ թիմն այսպիսի աճ է գրանցել։

-Նոր մոտեցումներ է բերել թիմ, և ստիպել է հավատալ մեր սեփական ուժերին։ Պարոն Կապառոսը շատ փորձառու մարզիչ է, ամեն անգամ նրանից ինչ-որ նոր բան ենք սովորում։

-Ինչպիսի՞ մթնոլորտ և տրամադրվածություն է թիմում Իսլանդիայի դեմ խաղից հետո։

-Ճիշտ է, մի փոքր տխրեցինք, քանի որ կարող էինք հաղթել, սակայն արդեն մոռացել ենք այդ խաղը և առավելագույնս տրամադրված ենք վաղվա հանդիպմանը։

-Պարոն Կապառոս, ի՞նչ տպավորություններ ունեք Ռումինիայի հավաքականից։

-Ռումինիան բավական ուժեղ հավաքական ունի, որի կազմում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան։ Ես ինքս առիթ ունեցել եմ աշխատել ռումինացի ֆուտբոլիստների հետ Իսպանիայում, և կարող եմ ասել, որ հաճույք եմ ստացել։

-Բավական դժվար խաղ ունեցանք Իսլանդիայի հետ, այնուհետև երկար ճանապարհ անցաք՝ Ռումինիա հասնելու համար։ Պատրա՞ստ է արդյոք թիմը վաղվա հանդիպմանը։

-Խաղի մեկնարկին դեռ 24 ժամ կա։ Մենք ֆուտբոլիստներին վերականգնվելու ժամանակ կտանք, և վաղն արդեն կորոշենք, թե ով կխաղա։ Մենք բավարարված չենք Իսլանդիայի դեմ հանդիպման արդյունքից, սակայն պետք է հոգեբանորեն տրամադրվենք վաղվա խաղին։

-Ինչպե՞ս եք պատրաստվում խաղալ Ռումինիայի հավաքականի դեմ։

-Լավ հարց եք տալիս։ Վաղը բոլորդ կտեսնեք։

-Ու՞մ կառանձնացնեք Ռումինիայի հավաքականից։

-Կարծում եմ, որ Ռումինիայի հավաքականի դեպքում պետք է առանձնացնել թիմային խաղը։ Նրանք հստակ պատկերացնում են, թե ինչ ֆուտբոլ պետք է խաղան, և դա ամենավտանգավորն է այս պարագայում։

`
Գրանցում